ՀՀ իշխանությունների կողմից փակված «Օլիմպավանի» մարզիչ Էրիկ Օհանյանը զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին՝ ընդհուպ մինչև լողավազանի տարածքում պայթյունի վտանգը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Կառավարության շենքի մոտ ընթանում է «Օլիմպավանի» աշխատակիցների բողոքի ակցիան։ Մարզահամալիրը փակվել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Խառը մարտարվեստների (MMA) մարզիչ Էրիկ Օհանյանն ընդգծել է, որ հավաքվածները պահանջում են, որ իշխանությունները հնարավորություն տան իրենց անցնել իրենց աշխատանքին՝ ճիշտ այնպես, ինչպես անում են Կառավարության աշխատակիցները, ոստիկանությունը և այլք։ Քանի դեռ «Օլիմպավանի» ճակատագիրն անորոշ է, պարզ չէ՝ երբ կբացվի մարզահամալիրը, կամ առհասարակ կբացվի՞, թե՞ ոչ։
«11 տարի աշխատել եմ այնտեղ։ Ուրիշ ոչինչ չենք ուզում, ընդամենը՝ գնալ աշխատանքի։ Մեզ անգործ են թողել․ սա ինչո՞վ է ավարտվելու։ Ուզում ենք աշխատավարձ ստանալ։ Հիմա ի՞նչ անենք, փնտրենք մի մարզահամալի՞ր, որը կառավարության հետ է աշխատում, ու գնանք այնտե՞ղ աշխատենք։ Մեզ չեն պատասխանում, չեն ասում՝ արդյոք աշխատավարձ ստանալու ենք, թե՞ չէ։ Ուզում ենք միայն ստանալ անցած ամսվա վաստակածը, ուրիշ ոչինչ։ Ծառուկյանի ընտանիքից էլ չենք կարող պահանջել․ ինքներդ եք տեսնում՝ ինչ վիճակում են։ 14 տարեկանից աշխատում եմ, մեծ փորձ ունեմ։ Հիմա ստիպված պարապ եմ, որովհետև իրենք այդպես են որոշել։ Ինչո՞ւ մեզ չեն թողնում աշխատել։ Թող իրենք իրենց գործն անեն, մեզ էլ թույլ տան մեր գործն անել։ Ընդ որում՝ վարկերը մարելու պահանջը ոչ-ոք չի չեղարկել», — վրդովված նշել է Օհանյանը։
«Օլիմպավանն» ունի տասնյակ աշխատակիցներ և ավելի քան հարյուր սան։ Օգոստոսի 15-ին Աբու Դաբիում նախատեսված են մրցումներ, իսկ մարզիկները զրկված են մարզվելու հնարավորությունից։
Ավելին, քանի որ շենքը կնքված է և ներս մտնելը խստիվ արգելվում է, պարզ չէ, թե ինչ է կատարվում ներսում։ Մարզչի խոսքով՝ լողավազանում կարող են քլորի մասնակցությամբ ռեակցիաներ սկսվել, ինչը կարող է հանգեցնել պայթյունի։
Ինչ վերաբերում է աբոնեմենտ գնած քաղաքացիներին, ապա նրանց համար ևս նորությունները վատն են․ վճարված գումարները, ամենայն հավանականությամբ, կկորչեն։ «Կամ եկեք ու պահանջեք։ Կան ընտանիքներ, որոնք մեկ տարվա փաթեթ են գնել, ինչը 1 միլիոն դրամից ավելի է», — նշել է Օհանյանը։



