ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հ...

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի
գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական
նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար:
«Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն:
Ինչպես հայտնի է, դեռևս Խորհրդային Միության կազմում՝ Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները
ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու
համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության
հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը:
Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գերատեսչության առջև
դրված խնդիրների իրականացման գործում։
Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ ռուսական
կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝
ռադիոէլեկրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների,
էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է
դրված:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք
աշխատանքային այցին։