
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահեն և ապացուցահեն լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին։
Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր, որոնք անդրադարձել են 2030 թ. Կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորություններին, քննարկել դրանց վերաբերյալ նորարարական ու փաստահեն լուծումները:
Ինչպես տեղեկացնում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակելու բարեկեցության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովման գործընթացի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ներառական և որակյալ կրթության խթանման, մատչելի ու որակյալ առողջապահական համակարգի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ճկուն ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը: Նա կարևորել է նաև խոցելի խմբերին ուղղված ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, երեխաների պաշտպանության համակարգերի զարգացման անհրաժեշտությունը և այս գործընթացում շեշտել արձագանքման միջազգային մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը:
Համաժողովի շրջանակում Դավիթ Խաչատրյանը մասնակցել է նաև «Peer learning round table. SDG 5 Gender Equality» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել իր ստանձնած պարտավորություններին` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հավասար և լիարժեք մասնակցությանը, գենդերային հավասարության ապահովմանը, սոցիալական երաշխիքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների երաշխավորմանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերը և շարունակում է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին: Այս համատեքստում նա շեշտել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության և ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի ընդունման, ինչպես նաև Գենդերային քաղաքականության ռազմավարության մշակման կարևորությունը։ Իր ելույթում Դավիթ Խաչատրյանը նշել է նաև, որ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն, և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման և այլ ուղղություններով:
«Bridging the Digital Gender Divide for Women’s Economic Empowerment» խորագրով հարակից միջոցառման ընթացքում Դավիթ Խաչատրյանը խոսել է կանանց և աղջիկների հզորացման, գենդերային հավասարության առաջխաղացման, նրանց տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ունեցած դերի մասին։
Ընդգծելով թվայնացման գործընթացի կարևորությունը՝ բանախոսը նշել է, որ այն հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական հմտությունները, ունենալ իրենց սեփական բիզնեսն ու ապահովել կայուն եկամուտ։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Խաչատրյանը խոսել է Թվային գրագիտության զարգացման դասընթացի մասին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ և նախատեսված է մարզաբնակ կանանց համար: Այն նպատակ ունի զարգացնել վերջիններիս թվային հմտությունները՝ հնարավորություն տալով արդյունավետ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ստեղծել թվային բովանդակություն և ունենալ զբաղվածություն: