Հեղափոխության չիրականացված խոստումները․ Ռուբի...

Ինչպես ցանկացած հասարակությունում, որտեղ տեղի է ունենում հեղափոխություն կամ պետական հեղաշրջում, Հայաստանում նույնպես հեղափոխությանը հաջորդած ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվեցին, մեղադրանքներ առաջադրվեցին և քրեական գործեր հարուցվեցին նախկին պաշտոնյաների նկատմամբ. հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորվեր հեղափոխություն անելու անհրաժեշտությունը: Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը հանգեցրեց մարդ բռնելուն և բաց թողնելուն, հանցագործությունը պատժելու փոխարեն: Պետբյուջե վերադարձվեց մի քանի միլիոն դոլար՝ փակ դռների ետևում ունեցած պայմանավորվածությունների արդյունքում, առանց դատական վճիռի: Հանրությանը չներկայացվեց որևէ ապացույց Սաշիկի 50% փայ մտած գործարարների և Բաղրամյան 26 ճամպրուկներով գումար տանելու ճշմարտացիության վերաբերյալ: Եվ, ի վերջո, երկրում հաստատվե՞ց օրենքի գերակայությունը: Դա պարզելու համար դիտարկենք հեղափոխության 4 հիմնական խոստումները:




Խոստում #1. Համակարգային կոռուպցիայի դեմ պայքար

Հայտարարվեց, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ վերացել է, մինչդեռ՝

· Իշխանափոխությունից հետո անհասկանալի պատճառներով այդպես էլ չգումարվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարագրերի հրապարակումը, և միայն հիմա՝ մեկ տարի ինն ամիս անց ԱԺ-ում նոր ձևավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Իսկ այդ ընթացքում ի հայտ եկան ՊՎԾ պետի կոռուպցիոն սկանդալը, ով ինքը պետք է ի պաշտոնե պայքարեր կոռուպցիայի դեմ և կաշառք վերցրած ՀՀ առողջապահության փոխնախարարի գործը:




· Համակարգային կոռուպցիա չէր կարող լինել նախկինում առանց հարկային մարմնի ներգրավվածության, այդ դեպքում ինչպե՞ս է երկար տարիներ հարկայինի պետ և վերահսկողական ծառայության ղեկավար աշխատած Ֆ. Ցոլակյանը այսօրվա կառավարության մեջ պաշտոնավարում իբրև արտակարգ իրավիճակների նախարար: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ շարունակում է մնալ նույն պաշտոնին: Կա՛մ նախկինները համակարգային կոռուպցիայի մեջ չեն եղել, կա՛մ ներկաններն են շարունակում կոռումպացված լինել:




· Հովանավորչություն՝ պաշտոնին նշանակել մի մարդու որը պակաս արժանի է, քան մեկ այլ թեկնածու, ով ավելի լավ կաներ այդ գործը: Շիշ բռնողը՝ պատգամավոր, աներձագ և եղբոր որդի՝ պատգամավորներ, կոկորդիլոս բուծողը՝ Արարատի մարզպետ, դասալիք նախարարներ և պատգամավորներ: Անարդյունավետ կառավարելը ևս կոռուպցիա է: Արդյունքում տվյալ համակարգը գործում է ցածր արդյունավետությամբ՝ տեխնոկրատ մասնագետների բացակայության պատճառով։ Մինչդեռ խոստացվել էր, որ կառավարության մեջ աշխատանքի կանցնեն տաղանդավոր և լավ մասնագետները, ըստ իրենց ուղարկած CV-ների:

· Ի պաշտոնե տրված սեփական լիազորությունների չարաշահում՝ նախկին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական տալիս մեղադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ, մինչդեռ Տ. Ավինյանը պնդում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել։




· Կոռուպցիոն սխեմաներով բյուջեի մսխում կամ անարդյունավետ ծախսում՝ 124 միլիոն դրամ Քաղաքացու օրվա միջոցառումների համար, 5 մլն դրամ Վարդավառին գորգեր լվանալուն, 2.7 միլիոն դրամ պերֆորմանսի համար, $2 միլիոն դոլար վարչապետի առանձնատունը վերանորոգելու համար, $297.000 դոլար նոր զրահապատ մեքենա գնելու համար, $330.000 դոլար միայն ԱՄՆ թռիչքի համար, $55 միլիոն դոլար նոր ինքնաթիռ գնելու համար:

Մի հիշարժան փաստ՝ «նախկին կոռումպացված ռեժիմը» 2016 թ-ին տրամադրեց $350.000 դոլար ՀՀ-ում սիրիահայ փախստականների բնակարանային վարձավճարների փոխհատուցմանը:




· Պաշտոնական դիրքի չարաշահում՝ երբ վարչապետի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն թիկնազորի հետ զբոսնում է Երևանում:




· Թափանցիկության և հաշվետվողականության բացակայություն՝ նախարարները, փոխնախարարները և մարզպետները գաղտնի հրամանով, շրջանցելով օրենսդիր մարմինը՝ 1.5 միլիոն դրամի հասնող աշխատավարձեր են ստանում ս/թ մայիսից: Դրանից առաջ մի քանի միլիոնի (ավելի քան 105%) պարգևավճարներ ստացան, նույնպես թաքուն կերպով: Ի դեպ, մեծ պարգևավճարները շարունակվում են առ այսօր: «Թավշյա» վերնախավի գրպանը օրստօրե հարստանում է բյուջեի հաշվին՝ մոռանալով, որ իշխանության են եկել շահարկելով այն վարկածը, որ նախկինները միլիարդներ են կուտակել, հարստացել և թալանել բյուջեն:

· Ստվերային տնտեսության դեմ պայքարի դեպքում ո՞ւր է, ինչպես հայտարարվում էր, նախկինում բյուջեից գողացվող տարեկան 800 միլիոն դոլարը: Կա՛մ այդ թալանը չի եղել, կա՛մ այսօր նույնպես թալանում են: Ընդորում ոչ միայն չկա դատավճիռով բացահայտված համակարգային կոռուպցիայի որևէ գործ, այլև պետական պարտքը 6.7 միլիարդ դոլարից աճել է մինչև 7.468 միլիարդի, ըստ ֆինանսների նախարարի:




· Ըստ օդում կախված լուրերի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որը պետք է լինի անկախ, ենթակա միայն կառավարությանը և ստուգի բոլոր պետական կառույցները, անտառային տնտեսությունները, արգելանոցները, ազգային պարկերը, դարձել է շրջակա միջավայրի նախարարության կամակատարը:

· Եվ վերջապես, «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի վարկանիշային աղյուսակում (CPI) 2017-ին Հայաստանը 35 միավոր է վաստակել, իսկ որքան շատ միավոր է ստանում երկիրը, այնքան ավելի հզոր է պայքարը կոռուպցիայի դեմ: Այդ միավորը չի փոխվել 2018-ին հեղափոխությունից հետո: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն աղյուսակի համաձայն 2013 և 2014 թվականներին այդ միավորը եղել է 36 և 37: Փաստորեն, ըստ այս միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականի, կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ է եղել «նախկին կոռումպացված ռեժիմի» ժամանակ




Այսպիսով, եթե համակարգային կոռուպցիան հաղթահարվել է, ինչպես հայտարարում են, ինչո՞ւ չկա կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք: Հետևաբար, կոռուպցիան, ինչպես և աղքատությունը, հաղթահարվել է միայն մարդկանց գլխում:

Խոստում #2. Ազատ և լեգիտիմ ընտրությունների անցկացում




Պարզ է, որ հետհեղափոխական երկրում իշխանությունը վերցրած քաղաքական ուժն է բացարձակ մեծամասնություն կազմելու ԱԺ արտահերթ ընտրություններում և ուրեմն շահագրգռված է անցկացնելու հնարավորինս ազատ և թափանցիկ ընտրություններ՝ լեգիտիմացնելու իր իշխանությունը: Բայց արի ու տես, որ ըստ նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի խոսքերի, ընտրություններում Ալ. Սիմոնյանին աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրերը և ներկա թաղապետերը, այսինքն՝ կիրառվել է վարչական և քրեական ռեսուրս: Այս մեղադրանքը չի հերքվել ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից:

Եթե նախորդ իշխանություններին մեղադրում էին ընտրությունները կեղծելու մեջ, ապա ինչո՞ւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններում չփոխվեց ՀՀ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով պաշտոնավարում է 2011 թ-ից ի վեր: Չփոխվեց նաև կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգիրքը, ինչպես խոստացվել էր:

Խոստում #3. Ապամոնոպոլիզացիա




Եթե իսկապես տեղի է ունեցել ապրանքներ ներկրելու ապամոնոպոլիզացիա և այլևս մենաշնորհներ չկան, ապա ինչո՞ւ չկա այդ ապրանքատեսակների էական գնանկում:

Խոստում #4. Տնտեսական հեղափոխություն և թռիչքաձև զարգացում




Նախորդ տարին Հայաստանը ամփոփեց 5.2% տնտեսական աճով, իսկ հաջորդ տարի բյուջեի նախագծում՝ 4.9% տնտեսական աճ է: Այս ցուցանիշներն առավելապես Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության արդյունքն են, որին հաջողվեց 2017 թ-ին ապահովել 7.5% տնտեսական աճ՝ ամենաբարձրը մեր տարածաշրջանում։ Ընթացիկ տնտեսական աճը հազիվ թե բերի զբաղվածության զգալի աճի 800.000 անգործ և սոցիալապես անապահով, աղքատ խավի համար, ինչպես խոստացվել էր հեղափոխության օրերին: Ըստ Հրանտ Բագրատյանի, այս ցուցանիշներով մոտավորապես 300 տարի հետո Հայաստանը կհասնի Լեհաստանի տնտեսական մակարդակին:




Խոստացված ներդրումային բումի փոխարեն, ներդրումները նվազել են 11 անգամ և առ այսօր արտաքին ներդրումների աճ չկա: Ըստ ՀՆԱ-ի ցուցանիշների, ստվերը շատ չի նվազել:




Անվերջ ասվում է՝ Հայաստանից միլիարդներ են դուրս հանվել, բայց գրեթե ոչ ոք չի խոսում Կենտրոնական Բանկի հրապարակած այն վիճակագրության մասին, ըստ որի 2018 թ-ին (հատկապես հոկտեմբեր-դեկտեմբերին) ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 1.18 միլիարդ դոլար։ Սա 2004 թ-ից ի վեր Հայաստանից կապիտալի ամենամեծ արտահոսքն է:




Խոստացված նոր աշխատատեղերի փոխարեն՝ Ալավերդիի գործարանի փակում, օպտիլիզացման շրջանակներում բազմաթիվ աշխատողների կրճատումներ, ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատում: Շարունակում է մնալ Ամուլսարի շահագործման վտանգը:




Գրում է Ռուբինա Վասիլյան