Հեգսեթը հայտարարել է, որ Չինաստանը լուրջ սպառ...

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Չինաստանը լուրջ սպառնալիքի աղբյուր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար: Այս մասին հաղորդում է The Korea Times-ը։

«Սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք, իրական են և հրատապ։ Չինաստանի կողմից աննախադեպ ռազմական հզորության մեծացումը և ագրեսիվ ռազմական գործողությունները բավական խոսուն են», - ասել է Հեգսեթը հոկտեմբերի 29-ին Տոկիոյում իր ճապոնացի գործընկեր Շինձիրո Կոիզումիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «հենց այդ պատճառով է նախագահ Թրամփի «խաղաղություն ուժի միջոցով» օրակարգն այդքան կարևոր»։ 

Պենտագոնի ղեկավարի կողմից նման հայտարարություն է հնչում այն ժամանակ, երբ Հարավային Կորեայում հոկտեմբերի 30-ին սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Շինձիրո Կոիզումին իր հերթին ընդգծել է Ճապոնիայի ծրագիրը՝ մեծացնելու պաշտպանական ունակությունները, և մտահոգություն է հայտնել Չինաստանի ներկայացրած անվտանգության մարտահրավերների առնչությամբ։

«Չինաստանը մշտապես ավելացնում է իր պաշտպանական բյուջեն բարձր մակարդակով՝ առանց բավարար թափանցիկության։ Չինաստանը լայնորեն և արագ մեծացնում է իր ռազմական կարողությունները», - նշել է ճապոնացի պաշտոնյան։