«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման վերաբերյալ: ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից հայտնել են, որ մարտի 15-ին ժամը 13։05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
«Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը: Արդյունքում հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը նշում է, որ այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:
«Երեկ՝ սկսած 14:10-ից, տեղորոշվել են ՏԵ-1112-ից սնող մալուխագծի և 400 կՎԱ տրանսֆորմատորի վնասվածքները, ինչպես նաև 0.4 կՎ կողմում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով վնասվել է ՏԵ-1754-ում սեկցիոն բաժանիչը, իսկ ՏԵ-1753-ում՝ մուտքային բեռի անջատիչը: Նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ 15:40-ից լաբորատորիան սկսել է վթարված մալուխագծերի տեղորոշման աշխատանքները, ինչն ավարտել է 20:10-ին: Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին: 07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ»,- նշված է ՀԷՑ-ի հաղորդագրությունում:
Հայաստանի էլեկտրական ցանցերն այժմ իրականացնում է սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքները:
«Ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի: Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- եզրափակվում է հաղորդագրությունը:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 15-ից հոսանքազրկված են Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:



