ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն հոկտեմբերի 31-ին ասել է, որ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս կամ այն ձևով պետք է կարգավորել չեն նպաստում խնդրի կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Այս անգամ Լավրովը հստակ չի ասել, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, սակայն հարցը տվել էր ադրբեջանցի լրագրողը: Լավրովի պատասխանից ստացվում է, թե հայտարարության հասցեատերը Հայաստանն է:
«Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», - հարցրել է ադրբեջանցի լրագրողը:
«Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», - պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարը:



