Հայտարարագիրը հարկային դաշտ կբերի միայն նրանց...

Որեւէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող համընդհանուր հայտարարագրման համակարգը լրացուցիչ որեւէ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես որեւէ մեկի համար չի կարող, որովհետեւ համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքի որեւէ փոփոխություն: Այն, ինչ հարկային օրենսդրությամբ պետք է հարկվեր համակարգի ներդրումից առաջ, նույնկերպ պետք է հարկվի համակարգի ներդրումից հետո:

Այս տարի համակարգը վերաբերում է միայն վարձու աշխատողներին, այսինքն եթե մարդը չի աշխատում, ինքը այս տարի չի լրացնելու հայտարարագիր:

Մենք մոդելավորում ենք արել, թե արդյոք նվազագույն աշխտավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որը լինի 100 հազարից ավելի, որ նա կարողանա հետ ստանալ կրթական ու առողջապահական ծախսերի համար: Պատասխանն է՝ այո: Այսինքն նույնիսկ  նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է հետ ստանալ տարեկան 100 հազար դրամ»,-ասաց Փաշինյանը՝ թվարկելով, թե որ ծախսերի դեպքում է քաղաքացին հետ ստանում այդ գումարը:

Վարչապետը խոստովանեց, որ այո, կան դեպքեր, երբ քաղաքացու համար առաջանում է հարկային պարտավորություն, եւ հավելեց, որ դրանք այն դեպքերն են, որ 30 տարի միշտ էլ դրա համար հարկ պետք էր վճարել, բայց քաղաքացիները չեն վճարել. «Համընդհանուր հայտարարագիրը հարկային դաշտ կբերի միայն այն մարդկանց, որոնք օրենքով 5-10 տարի առաջվանից  գոյություն ունեցող օրենքով պարտավոր էին հարկ վճարել, բայց չեն վճարել»: