
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», նույն ինքը՝ «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դասարանների դասագրքեր «դեռ պիտի ունենանք», իսկ ուսումնական տարվա մեկնարկին մնացել է 3 օր։
Հայտարարված մրցույթներում ներկայացվել են ստանդարտներին չհամապատասխանող գրքեր։ Չեն լինի նաև 11-րդ դասարանի բնագիտություն առարկայի դասագրքեր, որը նոր առարկա է։
Ստացվում է, որ նախարարը, ով սեփական բացթողումները թաքցնելու համար աջուձախ վիրավորում է լրագրողներին՝ միայն թե հարցերից խույս տա, ստեղծել է առարկա, բայց այդ առարկայի համար դասագիրք չկա, որ դասավանդեն: Ասել, թե ծիծաղելի է, կնշանակի ոչինչ չասել։
Նախարարը հույս է հայտնում, որ գուցե է հաջորդ կիսամյակ լինեն այս երեք առարկաների համար նախատեսված դասագրքերը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս «գուցե լինեն»-ով շարժվեց նախարարը, և ամիսներ շարունակ աշակերտները դպրոց գնացին առանց գրքերի:
Իսկ ի՞նչ է թղթապանակը
«Ուսումնական թղթապանակը իրենից ներկայացնում է առարկային համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք պետք են այդ թեման ուսումնասիրելու համար։ Դրանք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու ինչպես դա անել», – նշել է Անդրեասյանը։
Ընդգծենք, որ «թղթապանակը» դեռ չի նշանակում դասագիրք։
Այսինքն՝ ավագ դասարաններում Հայոց պատմությունից աշակերտները սովորելու են ոչինչ։
Նախարարի արդարացումն այն է, որ ստեղծված 220 նոր գրքից հետո ձախողումները, վրիպակները այն պատճառով են, որ մինչ այս, 15 տարի դասագրքերի բովանդակային փոփոխություն չի եղել։
Մասնագետի աչքերով՝ սա անմիտ արդարացում է։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարին հայտնեց, որ ձեռքի տակ լուսանկարներ կան 9–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքից, որտեղ շատ տպավորիչ կերպով ներկայացված է «թավշյա հեղափոխությունը», որի վերաբերյալ առաջադրանք կա. աշակերտներին առաջարկվում է ընկերների հետ կազմակերպել քննարկում, պատճառների բացահայտում…։
«Այս դեպքում, արդյո՞ք կուսակցական քարոզ չի դառնում այդ մասը», – հարցրեց մեր լրագրողը։
Նախարարը կոպիտ ձևով հերքեց ու խորհուրդ տվեց վերհիշել մինչև 2018 թվականը Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակը, երբ բոլոր տնօրենները «թաթախված էին քաղաքականության մեջ»։
Նախարարը վրդովվեց, կարմրեց, բարկացավ հարցերից, սակայն պետք է հիշի, որ նախարարության ձախողումը գռեհիկ խոսքով չի կարող թաքցնել:
Ի վերջո, իր ամուսինն էլ լրագրող է, և լրագրողը երբեք մեղավոր չէ չինովնիկների ձախողումների համար. նրանք միայն արձանագրում են իրողությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: