Ընտրություններից հետո կրկին ակտիվացան խոսակցությունները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության շուրջ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն ցանկանում քաղաքապետի պաշտոնում տեսնել Հայկ Մարությանին, քանի որ նա ընտրություններին և դրանից առաջ որևէ կերպ չի աջակցել այն թիմին, որի շնորհիվ հայտնվել է քաղաքապետի աթոռին։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչ որակի թիմի մասին է խոսքը, և արձանագրենք, որ այս բանավեճում ճիշտ է Փաշինյանը։ Ու՞մ հասկանալի չէ, որ Հայկ Մարությանը քաղաքապետ դարձավ, քանի որ այդ ընտրությունները մանիպուլյացիաների և կեղծիքի միջոցով Փաշինյանը վերածեց նախկինների վերադարձի դեմ իրականացվող հանրաքվեի։ Ու հենց սրա արդյունքում է, որ Հայկ Մարությանի ղեկավարած թիմը հավաքեց ավելի քան 80 տոկոս ձայն։ Հայկ Մարությանը, եթե ինքնուրույն կարող է անգամ 1000 ձայն հավաքել, ապա կարող է շատ հանգիստ որևէ կուսակցության ցուցակով մասնակցել առաջիկա ընտրություններին ու ապացուցել, որ ինքն անձամբ ունի ձայներ և վստահություն։
Պետք է նաև նկատել, որ Մարությանի հետ կատարվողը տիեզերական արդարության արդյունք է։ 2018 թվականի ավագանու ընտրություններին հենց նա էր, որ հանրությունը բաժանեց սևերի և սպիտակների, հենց նա էր, որ ատելության առաջին մեծ սերմնացանն իրականացրեց։ Հիմա ցանածը վերադառնում է իրեն, ու ինքն է մեղադրվում նախկիններին սպասարկելու մեջ։
Այս պահին չկա պատճառ, որը թույլ կտա կողմնակից լինել Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում մնալուն։ Նրա հեռացումը ոչ միայն արդար կլինի, այլև դաս՝ հանուն պաշտոնի հանրությունը պառակտող գործիչների համար։



