Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լ...

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի
գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու
Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով
քննարկելու համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները:
Կարևորելով առկա համագործակցությունը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի կայացման գործում ԱՄՆ-ը մեծ
աջակցություն է ցուցաբերել 2000-ականներին՝ հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի օժանդակությամբ: Ամերիկյան
ներդրումների միջոցով բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում, ինժեներական սեկտորի բավականին
ներկայանալի բազա է ստեղծվել, կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա Հայաստանն իր դիրքն է
ապահովել, ներկայումս էլ՝ մեծ հնարավորություններ են առկա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու
ուղղությամբ:
Նախարարի պաշտոնակատարը դեսպանին է ներկայացրել Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել է
Ինժեներական քաղաքի ծրագրին, և հրավիրել է դեսպանին մոտ ապագայում համատեղ այց իրականացնել այնտեղ: Հայկ
Չոբանյանը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ դերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում, որի
շրջանակներում թվայնացման ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր են իրականացվում:
Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա շնորհավորել է ՀՀ կառավարությանը և
հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է
աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու, ոլորտի
վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հարցերում:
Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանն անդրադարձել են համատեղ իրականացվող
տեխնոկրթական ծրագրերի, կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև փոխադարձ
հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է դեսպանին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական
շաբաթի միջոցառումներին: