«Հայերը մեր ընկերներն են և մենք պատրաստ չենք...

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։

Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե Իսրայելում և թե Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են և  պաղեստինաիսրայելական հակամարտությունը մի՛ համեմատեք արցախյան հակամարտության հետ։ Մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը»։ 

«Այս ուղերձը միանշանակ էր,- շեշտում է Չերնամորյանը,- որովհետև  այս տարածաշրջանում հեգեմոն պետությունը Եգիպտոսն է և այն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր քիթը խոթի արաբաիսրայելական հակամարտության մեջ»։

Կա մի հանգամանք ևս, որի վրա ուշադրություն է հրավիրում իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։ Թուրքիան Արևելյան Երուսաղեմում հասարակական կազմակերպություններ է ֆինանսավորում և արդեն շատ շենքերի վրա կարելի է տեսնել թուրքական դրոշներ։ 

«Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքներում, որոնք բնակեցված են պաղեստինցիներով, Թուրքիան գործում է հասարակական կազմակերպությունների մակարդակով»,-նշեց Չերնամորյանը։