Հայաստանի անկախացումից հետո մեր պետության համար կարևորագույն խնդիրներից մեկը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի կողմից փակված սահմանի բացումը։ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ փորձել են այս խնդրի մասով լուծումներ գտնել։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարդագույն մի հարց է, քանի որ գործընթացն իր մեջ ներառում է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ժխտում և Հայաստանի կողմից արդար հատուցման հասնելու ձգտում։ Երկու հակադիր ձգտումներ, որոնք բնականաբար հեռացնում են հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։
Թուրքիայի հետ կապված մենք ունենք տասնյակ վախեր, որոնք հանրային տրամադրությունները հասցրել են նրան, որ ինչ որ փուլից հայկական կողմի համար կարծես ձեռնտու դարձավ հարաբերություների գործող վիճակը և սահմանների փակ լինելը։ Հայաստանում վախենում են Թուրքիայի տնտեսական և մշակութային էքսպանսիայից։ Շատերը կարծում են, որ հարաբերությունների կարգավորման (նույնիսկ եթե դրանք լինեն առանց ցեղասպանության փաստի ժխտման ու նախապայմանների) և սահմանների բացման պարագայում Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը և թուրքական ազդեցությունից այլևս ազատվել չի լինի։
Հայաստանում այս խնդիրների մասին խոսելով քաղաքական գործիչները մոռանում են, որ ցանկացած մարտահրավեր տալիս է նաև հնարավորություն ու եթե իրականությունն ասենք, ապա Հայաստանը մշակութային դեմոգրաֆիկ առումով առավել վտանգավոր է Թուրքիայի համար, քան հակառակը։ Բոլորը գիտեն, որ Թուրքիայում ապրում են միլիոնավոր ծպտյալ հայեր։ Նրանք Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր գիտեն իրենց նախնիների ով լինելու մասին։ Բացի սրանից, ըստ admixturemap.paintmychromosomes.com-ի Թուրքիայի բնակիչների գեներն ավելի շատ հունա-հայկական են, քան բուն թուրքական։ Ըստ այս հարթակի ուսումնասիրության տվյալների Թուրքիայի բնակչության գեների 11,1 տոկոսը հունական է, 9,9 տոկոսը հայկական, 8,5 տոկոսը իրանական, 7,5 տոկոսը վրացական։
Թուրքիայի մի քանի միլիոն բնակչության հայկական արմատներին, եթե գումարենք պատմական մշակութային ահռելի հայկական ժառանգությունը, ապա կտեսնենք, որ Հայաստանն այդ պետության տարածքում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու հնարավորություն ունի, քան Թուրքիան՝ թուրքական նույնիսկ կես տոկոս բնակչություն չունեցող Հայաստանում։
Սա իհարկե կարող է ուտոպիստական թվալ, բայց եթե հայկական պետականությունը ամուր և իր տեղում լինի, ունենա հստակ քաղաքականություն Թուրքիայում ապրող հայկական արմատներ ունեցող միլիոնավոր մարդկանց մասով, ապա վստահաբար մեր հաջողություններն առավել շատ կլինեին։ Որպեսզի պնդումը մերկապարանոց չլինի՝ բերենք մեկ օրինակ․ անհատ հանրային գործիչ Արագած Ախոյանը նախորդ տարիներին ինտենսիվ աշխատանքի արդյունքում կարողացել էր չ միայն հարյուրավոր ծպտյալ հայերի վերադարձնել իրենց արմատներին, այլև այդ մարդկանց միջոցով հայկական համայնքներ ձևավորել պատմական Հայաստանի տարածքում։
Այսպիսով, ի մի բերելով եղածը, պետք է արձանագրել, որ, այո, Թուրքիայի սահմանների բացումը մարտահրավեր է մեր պետության համար, բայց նաև կա հնարավորություն, որից պետք է օգտվել՝ առանց միլիմետր անգամ զիջելու ազգային պետական շահերից։ Կկարողանա՞ այս պահի իշխանությունը դա անել, դժվար է ասել, բայց որ պետք է անել, հստակ է։



