Հայաստանը շահագրգռված է հյուրանոցային ոլորտու...

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Ինչպես տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։

«Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը, ինչը վկայում է ձևավորված վստահության և համագործակցության մասին: Միևնույն ժամանակ, դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ, և ես վստահ եմ, որ այն օգտագործելով մենք կհասնենք ավելի մեծ արդյունքների», - նշել է Գևորգ Պապոյանը։

Այնուհետև քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր ձևաչափի հանդիպումների միջոցով գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։ 

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջության և դահուկային զբոսաշրջության ուղղություններով: 

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հյուրանոցային ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էապես կարող է նպաստել երկրում զբոսաշրջության զարգացմանը։