Հայաստանը «սեւ օրվա» պահուստներ գրեթե չունի

Ըստ Եվրասիական զարգացման բանկի հրապարակած տվյալների, Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրներից ամենաշատ ոսկով եւ արտարժույթով պաշարներն ունի Ռուսաստանը, իսկ հետո արդեն գալիս են՝ Ղազախստանը, Ուզբեկստանը /Ուզբեկստանը դիտարկվում է որպես դիտորդ պետություն/։

Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղը եւ համարվում է ամենից աղքատը։ Նույնիսկ Ղրղզստանն ու Բելառուսն են մեզանից հարուստ։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի ոսկով եւ արտարժույթով պաշարների ծավալը կազմում է՝ 595,8 միլիարդ դոլար, Ղազախստանինը՝ 35,6 միլիարդ դոլար, Ուզբեկստանինը՝ 34,9 միլիարդ դոլար, Բելառուսինը՝ 7,5 միլիարդ դոլար, Ղրղզստանինը՝ 2,7 միլիարդ դոլար եւ Հայաստանինը՝ 2,6 միլիարդ դոլար։

Ուշագրավ է, որ Ուզբեկստանը որպես դիտորդ պետություն ունի 2,5 անգամ շատ ոսկու եւ արտարժութային պաշար, քան Հայաստանը, Բելառուսն ու Ղրղզստանը միասին վերցրած։Ոսկու եւ արտարժութային պաշարները տվյալ պետության այսպես ասած՝ «սեւ օրվա» համար անհրաժեշտ միջոցներն են, եւ դա նշանակում է, որ Հայաստանը ներկա պահի դրությամբ՝ չունի այդ «սեւ օրվա» համար լուրջ պահուստներ։

Ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, խոստանում էր տնտեսական հեղափոխություն, տնտեսության վագրի թռիչքաձեւ աճ, իսկ արդյունքում՝ նույնիսկ Ղրղզստանից Հայաստանը հետ է մնում «սեւ օրվա» պաշարներով։