Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից․...

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Մասադիկովի խոսքով՝ Երևանը պարբերաբար ստանում է բոլոր փաստաթղթերը՝ ներքին ուսումնասիրության համար, սակայն հետևողականորեն հրաժարվում է մասնակցել քննարկումներին կամ որոշումների կայացման գործընթացին։

«Նրանք լսում են ամենշաբաթյա ճեպազրույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական գործունեությանը, զորավարժություններին և նմանատիպ այլ միջոցառումներին... Ըստ էության, նրանք արդեն իսկ փաստացի դուրս են եկել»,- ասել է պարոն Մասադիկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում 2024 թվականի փետրվարին։ Օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կուրախանա, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի երկրին կազմակերպությունից։ Նա հավելել էր, որ Երևանը մտադրություն չունի առաջիկա հինգ տարիների ընթացքում վերականգնել իր անդամակցությունը։