Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրների հետ:
Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում, սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է»,-ասաց Պապոյանը:
Նախարարը պարենային անվտանգության առումով կարևոր համարեց անմշակ հողերում թեկուզ բացասական ինքնարժեքով ցորենի մշակությունը խրախուսելը։
Հայաստանը 2023 թվականին 130 հազար տոննա ցորեն է արտադրել, իսկ 450 հազար տոննա ներմուծել է։ Ցորենի ներմուծումը Հայաստանը հիմնականում իրականացնում է Ռուսաստանից։