Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հոդված է հրապ...

Այսօր միջազգային օրացույցում կարևոր պատմական տարեթիվ է՝ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 80-ամյակը: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ուժի մեջ մտավ նրա գլխավոր հիմնադիր ակտը՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այդ օրերին 50 երկրների ներկայացուցիչներ դրեցին միջպետական հարաբերությունների՝ սկզբունքորեն նոր համակարգի հիմքը, որը կոչված էր խաղաղությանը հնարավորություն տալու զարգանալ առանց ավերիչ պատերազմների և խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։

ՄԱԿ-ի հոբելյանն անքակտելիորեն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի հետ։ Հաղթող ազգերը միաձայն կողմ էին արտահայտվել հետպատերազմյան աշխարհակարգի ստեղծմանը, որն ամուր կպաշտպանի մարդկությանը «տեր և ստրուկ ռասաների» բաժանման գաղափարախոսությունների ռեցիդիվներից, ուժի թելադրանքից, պատերազմների հրահրումից, ժողովուրդներին հնազանդեցնելու և ոչնչացնելու փորձերից: Այս մեծ ու պատվաբեր դերը վստահվել էր նորաստեղծ ՄԱԿ-ին։

1943 թվականին Մոսկվայի խորհրդաժողովում՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ստորագրվեց առաջին փաստաթուղթը, որով նախատեսվում էր կարճ ժամկետներում ստեղծել մի միջազգային կազմակերպություն՝ հիմնված «խաղասեր բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության» սկզբունքի վրա, որը թույլ չէր տա նոր համաշխարհային բախման կրկնությունը։ Հետագայում՝ մեծապես խորհրդային առաջարկությունների հիման վրա, սահմանվեցին այդ կազմակերպության գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Առաջին՝ ՄԱԿ-ի կանոնադրության նախագիծը, որը մինչ օրս մնում է միջազգային իրավունքի «հենաքարը», մշակվեց ԽՍՀՄ-ի նախաձեռնությամբ Դումբարտոն-Օքսում (ԱՄՆ), 1944 թվականի աշնանը գումարված խորհրդաժողովում, որի ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն ՄԱԿ-ի նպատակների, կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ։

Իր գործունեության ութ տասնամյակների ընթացքում կազմակերպությունը նշանակալի ներդրում է ունեցել համաշխարհային կայունության ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման գործում: Նրա «խնայատուփում» կան բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ ճգնաժամային կարգավորման, սպառազինությունների վերահսկման համակարգի ամրապնդման, զինաթափման և զենքի չտարածման, շրջակա միջավայրի պաշտպանության, աղքատության և սովի, համաճարակների դեմ պայքարի և այլ ոլորտներում։

ՄԱԿ-ի համակարգում աշխատած խորհրդային դիվանագետների շարքում եղել են նաև նշանավոր հայ դիվանագետներ։ Նրանց թվում են 1968-1973 թվականներին Նյու Յորքում ՄԱԿ-ում ԽՍՀՄ մշտական ներկայացուցչի տեղակալ Վիկտոր Լևոնի Իսրայելյանը, ով մի շարք աշխատություններ է գրել միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև 1982-1986 թվականներին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի տնօրեն Անատոլի Աշոտի Մկրտչյանը։

ՄԱԿ-ին իր երկար պատմության ընթացքում բաժին են ընկել բազմաթիվ փորձություններ։ Կազմակերպությունն անցել է երկարատև բլոկային դիմակայության, մի շարք սուր տարածաշրջանային բախումների, ինչպես նաև այն այլ ձևաչափերով փոխարինելու փորձերի միջով։ Սակայն այս տոկունության քննությունները միայն առավել հաստատեցին նրա կենտրոնական և անփոխարինելի դերը։

Վերջին տարիներին Համաշխարհային կազմակերպությունը դժվար ժամանակներ է ապրում։ Նրան վերագրում են իներցիա, ավելորդ բյուրոկրատացում, միջոցների ոչ արդյունավետ օգտագործում և այլ թերություններ։  Ներկա պայմաններում մեծանում է Համաշխարհային կազմակերպության՝ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին հարմարվելու անհրաժեշտությունը, որոնց թվում է ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման անշրջելի գործընթացը։  Մեր երկիրը հանդես է գալիս ՄԱԿ–ի բարեփոխման օգտին՝ ժամանակի հրամայականին համապատասխան՝ հետևողականորեն աջակցում է Անվտանգության խորհրդում և Կազմակերպության այլ ինստիտուտներում Գլոբալ Հարավի և Արևելքի ներկայացվածության ընդլայնման գաղափարին։

Ռուսաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հարթակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը, շնորհակալ է Երևանում մեր գործընկերներին ռուսական նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք ուղղված են, մասնավորապես, պատմական ճշմարտության պաշտպանությանը: Վառ օրինակ է 2025 թվականի մարտին մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համահեղինակությամբ պատրաստված՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ութսուներորդ տարեդարձը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  ռուսական բանաձևի ընդունումը։ Հայաստանը նաև ավանդաբար հանդես է գալիս «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ այնպիսի դրսևորումների հերոսացման դեմ, որոնք նպաստում են ժամանակակից ձևերի ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության տարածմանը» տարեկան բանաձևի օգտին։ 

Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիովին գիտակցում է իր պատասխանատվությունը ՄԱԿ-ի ապագայի համար՝ որպես իրավահավասար երկխոսության և ժամանակակից գլոբալ մարտահրավերներին հավաքական պատասխաններ մշակելու եզակի հարթակ: Մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը նախատեսում է առաջնահերթ ուշադրություն դարձնել Համաշխարհային կազմակերպության դերի վերականգնմանը՝ որպես կենտրոնական համակարգող մեխանիզմ նրա անդամ պետությունների շահերի համադրման գործում՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների և Կազմակերպության քաղաքական անաչառության պահպանման պայմաններում։

Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան