Հայաստանում օտարերկրացիները կկարողանան ստանալ...

Հայաստանի կառավարությունը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին ու կացության կարգավիճակ ունեցող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել Mobile ID և օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից։

Գործող կարգավորումներով Mobile ID ստանալու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, սակայն պետական էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման ֆոնին կարիք է առաջացել այդ հնարավորությունը տրամադրել նաև Հայաստանում օրինական բնակվող օտարերկրացիներին։

Այս փոփոխությունները նախատեսում են, որ կացության կարգավիճակ (ժամանակավոր կամ մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ Mobile ID, եթե անձամբ ներկայանան ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ կանցնեն նույնականացման գործընթաց։

Համակարգը գործելու է հետևյալ ընթացակարգերով․օտարերկրացին պետք է անձամբ ներկայանա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նույնականացման համակարգում գրանցվելու համար։

Գրանցվելուց հետո նա կարող է դիմել բջջային կապի օպերատորներին՝ նոր սերնդի SIM կամ USIM քարտ ստանալու կամ փոխարինելու համար։
Բջջային կապի օպերատորները, որոնք համագործակցում են էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի հետ, կներկայացնեն Mobile ID ծառայությունները։

Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ օտարերկրացիները կկարողանան օգտվել պետական առցանց ծառայություններից, կստեղծվի նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ապահովման միասնական մեխանիզմ, կբարելավվի Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգի մատչելիությունը միջազգային հանրության համար։