Քաղաքացուն ներվայնացնում է. հա 1, 2,3 անգամ ա...

Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրման մասին օրենսդրական փաթեթը։ 

Նախարարը նշեց, որ նախագծով ստեղծվում է ամբողջական և փուլային մեխանիզմ, որը կապահովի, որ յուրաքանչյուր անձ համարվի պատշաճ ծանուցված՝ անկախ այն հանգամանքից՝ ծանուցումը փաստացի ստացե՞լ է, թե՞ ոչ։

«Ֆիզիկական անձանց համար գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ մուտք կիրականացվի խիստ նույնականացման միջոցով։ Եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Եթե երեք օրվա ընթացքում մուտք չկատարի, ծանուցումը ավտոմատ կերպով կհասցվի հիբրիդային փոստով՝ անձի հաշվառման հասցեով։ Եթե դա ևս չհասցվի կամ անձը հրաժարվի ստանալ նամակը, ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և տեղադրվելուց յոթ օր անց անձը համարվելու է պատշաճ ծանուցված»,-ներկայացրեց Գալյանը։

Նախարարը նշեց, որ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցման հարթակ է ընտրվել Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որտեղ նրանք ստանալու են ծանուցումներ ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաև այլ պետական մարմիններից։ Այդ դեպքում էլ ծանուցումը տեղադրվելուց երեք օր անց համարվելու է պատշաճ ստացված։

Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա տեխնիկական մանրամասները՝ պաշտոնական հարթակները, էլեկտրոնային հասցեները և մեխանիզմները, սահմանվելու են կառավարության որոշմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։ 

«Տիկին Գալյանը նաև նշեց, որ դե ֆակտո տարբերակ էլ չի մնում՝ բոլոր հնարավոր ձևերով մարդը ծանուցված է լինելու։ Մինչ այս հաճախ բախվում էինք իրավիճակների, երբ մարդը փաստացի ծանուցված էր լինում, բայց պետությունը չէր կարողանում դա իրավականորեն ապացուցել։ Այս համակարգը լուծում է այդ խնդիրը»,-եզրափակեց Փաշինյանը։