Հայաստանում դեռեւս կան կոռուպցիոն երեւույթներ...

Հայաստանի պետեկամուտների կոմիտեին 2019 թվականին հաջողվել է իրականացնել բյուջեի մուտքեր, որոնք 110 մլրդ դրամով գերազանցում են անցած տարվա ցուցանիշները։ Դա թույլ է տվել նախաձեռնել որոշակի քայլեր հին դեբետների վերադարձման ուղղությամբ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի վերաբերյալ հարցերին։

Դա, նրա կարծիքով, որոշակի չափով նպաստել է երկրում ստվերային տնտեսության լուրջ կրճատմանը։

Պատասխանելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցին՝ Անանյանն ասաց, որ իր կողմից միամտություն կլիներ, եթե հանկարծ ասեր, որ կոռուպցիոն երեւույթներն անհետացել են ոչ միայն բուն ՊԵԿ-ում, այլեւ պետական ապարատում առհասարակ, քանի որ դրա համար ոչ մի լուրջ հիմք չկա։

«Ընդհակառակը, մենք ունենք կոռուպցիայի դրսեւորման որոշակի դեպքեր, որոնք հայտնաբերում ենք եւ, օրենքի շրջանակում, վարույթ հարուցում։ Մենք մշտապես հայտարարում ենք, որ անհաշտ պայքար ենք մղում նման երեւույթները կանխելու համար, ինչը շատ կարեւոր է։ Բայց սխալ կլիներ ասել, թե մեզ մոտ նման երեւույթներ չկան»,- ասել է գերատեսչության ղեկավարը։