
Հայաստանում աշխատանքային վեճերի լուծման համար նոր գործիքակազմ է ներդրվում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով, հաշտարարի հանձնաժողովը բաղկացած է լինելու 3 անդամից։ Մեկը լինելու է հանձնաժողովի նախագահը՝ նշանակված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից, մյուս երկուսը լինելու են սոցիալական գործընկերների կողմից՝ գործատուների շահերը ներկայացնող կազմակերպություն և արհմիություն։
«Այս նոր նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում, որ քաղաքացիները աշխատանքային վեճերի պարագայում ստիպված չլինեն դատական ընթացակարգերով երկար անցնել, ժամանակ ու գումար ծախսել։ Դրա փոխարեն կարող են դիմել հաշտարարի հանձնաժողովին և վեճը լուծել այդ հարթակում։ Ընդգծեմ, որ գործընթացն անվճար է»,-ասաց Ժորա Սարգսյանը։