Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով երկրում 2027 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:
Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
Բացառություններ են նախատեսված կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և կափարիչով պլաստիկ տարաների համար, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի դեպքում։
Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն: Առաջին խախտման դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար նախատեսվում է 100 հազարից 150 հազար դրամ տուգանք:



