Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտես...

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ 

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այցի շրջանակում նախարար Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ։

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները, մասնավորապես, Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։

Որպես համագործակցության այլ հեռանկարային ուղղություն՝ ընդգծվել է գյուղատնտեսության զարգացումը ջրասակավ և ոչ ոռոգվող պայմաններում։

Հանդիպման ավարտին նախարար Պապոյանը հրավիրել է Ալաա Ֆարուկին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։