Հայաստանն ու Եգիպտոսը նշում են դիվհարաբերությ...

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել է Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխաջակցությունը բազմակողմ հարթակներում՝ նշելով, որ անցած տարիներին Հայաստանի և Եգիպտոսի միջև հաջողվել է ձևավորել ամուր միջպետական կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։

Այս նշանակալի հոբելյանի առթիվ՝ ՀՀ ԱԳ նախարարն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Եգիպտոսը հետագայում ևս կնպաստեն փոխգործակցության առավել ամրապնդմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։