
«Իրավիճակը այս պահին Իրանում շարունակում է բավականին լարված մնալ։ Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև։ Տարբեր տվյալներով կա մինչև 200 զոհ։ Ցուցարարները վառել են բանկեր, ապահովագրական ընկերություններ և տարբեր հաստատություններ։ Բացի տնտեսական պահանջներից արդեն առաջ են քաշվում նաև քաղաքական պահանջներ, մասնավորապես պահանջում են 40 տարուց ավել դրսում գտնվող Ռեզա շահի ընտանիքի վերադարձը Իրան։ Խաթարված է համացանցի և հեռախոսային կապի բնականոն աշխատանքը։ Իրանի դատական համակարգի ներկայացուցիչը հայտարարել է, որ արտասահման ցույցերին վերաբերվող տեսանյութեր ուղարկելը կարող է քրեական պատասխանատվություն առաջ բերել»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանում ընթացող բողոքի ցույցերին։
Իրանագետի կարծիքով դժվար է ասել, թե որ ուղղությամբ կգնան զարգացումները․ «Իրանը բավական անկանխատեսելի պետություն է և դժվար է ասել, թե որ ուղղությամբ կգնան զարգացումները։ Վերջին տարիներին մենք ականատեսն ենք դարձել նման բազմաթիվ բողոքի ցույցերի, որոնք ավարտվել են սպանություններով, բայց իշխանությունները մշտապես կարողացել են ճնշել բողոքի ալիքը։ Իրանում ռեպրեսիվ մեքենան բավականին ուժեղ է և այդ ռեպրեսիվ մեքենայի միջոցով անգամ հարյուր հազարանոց բողոքի ցույցեր են ճնշել։ Գուցե իշխանություններին հաջողվի այս անգամ էլ ճնշել բողոքի ալիքը, բայց մյուս կողմից էլ Իրանում նաև հեղափոխությունների ավանդույթ կա»։
«Հայաստանի համար մշտապես նախընտրելի է, որ Իրանը լինի կայուն և անվտանգ։ Հայաստանում կարծում եմ այս իմաստով երկու կարծիք չկա։ Մեզ համար շահեկան կլիներ, որ բողոքի ալիքը մարեր, բայց մյուս կողմից էլ Իրանի իշխանությունների ոչ ժողովրդավար լինելը նոր պատժամիջոցներ է բերում, որը ազդում է նաև տարածաշրջանի վրա, որի մաս է կազմում նաև մեր պետությունը»,-անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանն ու ընթացող պրոցեսների մեր պետության վրա հանարավոր ազդեցությանը ասաց Արմեն Վարդանյանը։