Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառությունն ա...

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա  հունվար-ապրիլին կազմել է 54.3 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ. երկու երկրներն էլ տնտեսական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ներուժ ու հնարավորություններ են տեսնում, Լեհաստանն ու Հայաստանը շատ բան ունեն միմյանց առաջարկելու: Կողմերն այս մասին հայտնեցին Երևանում անցկացված հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում:

«2023թ հունվար-ապրիլին մեր առևտրաշրջանառությունը կազմել է 54.3 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ: Մեր երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Եվ համոզված ենք, որ այս կարևոր հանդիպումը կարող է մեծ խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համար»,-ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը լեհ գործընկերներին ներկայացրեց Հայաստանի բիզնես հնարավորությունների վերաբերյալ տեղեկություն՝ վստահեցնելով, որ ներդրումային ոլորտում ՀՀ կառավարությունն առաջնորդվում է բաց դռների քաղաքականությամբ, ներդրումների պատշաճ պաշտպանությամբ և ընդունված միջազգային առաջատար փորձի սկզբունքներով: Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում ռեկորդ են գրանցել՝ կազմելով 1 մլրդ դոլար, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը 4.2 մլրդ դոլար է:

Տնտեսական երկխոսության նպատակն առաջին հերթին ձեռներեցների միջև համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծումն է՝ վերացնելով խոչընդոտները, աջակցելով նախագծերին, ստեղծելով ընկերությունների միջև անմիջական շփումների միջավայր:

Ըստ Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի՝ երկու երկրների հարաբերություններում, սակայն, պակասում են ավելի ինտենսիվ տնտեսական շփումները՝ առևտրի և ներդրումային ներկայության աճը:

Սա մեր խնդիրն է, որ քայլ առ քայլ իրականացնում ենք: Եվ հենց այս ամենի շրջանակներում ենք տեսնում հանձնաժողովի նիստի ընթացքը: Լեհաստանը՝ որպես ԵՄ ամենամեծ և դինամիկ զարգացող երկրներից մեկը և Հայաստանը շատ բան ունեն միմյանց առաջարկելու: Մեր տեսանկյունից փոխադարձ համագործակցության հեռանկարային ոլորտները ներառում են այնպիսի սեկտորներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ագրոպարենային վերամշակումը, հանքարդյունաբերության և արդյունահանման ոլորտը, կիբերանվտանգության ոլորտը, ՏՏ, դեղագործական արդյունաբերությունները և այլն»,-ասաց Պիեխովիակը:

Նա ուշադրություն հրավիրեց Վարշավայի ֆոնդային բորսային գործողություններին Հայաստանում, որը գործարքի արդյունքում դարձավ AMX ֆոնդային բորսային մեծամասնական բաժնետերը: «Ֆոնդային բորսան առաջնահերթություն է համարում իր ներգրավվածությունը Հայաստանում, որն իհարկե ունի Լեհաստանի իշխանությունների լիակատար աջակցությունը»,-վստահեցրեց նա:

«Մենք շահագրգռված ենք գյուղատնտեսության ոլորտում լեհ-հայկական համագործակցության զարգացմամբ: Մենք նկատում ենք Հայաստանի հետ ագրոպարենային ապրանքների առևտրի արժեքի աճը և շահագրգռված ենք դեպի Հայաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետագա աճով: Ցանկանում ենք կարգավորել Լեհաստանից կենդանական ծագման ապրանքների հայկական շուկա մուտքի հարցը»,-ասաց Պիեխովիակը:

Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի նիստը և իրենց այցը կարևոր քայլ կլինի երկրների տնտեսական հարաբերություններն ամրապնդելու և ավելի դինամիկ դարձնելու ուղղությամբ: Վերջում կողմերը ստորագրեցին արձանագրություն, որում ամփոփեցին նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող առաջարկներ: