Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և խորացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սանջայ Վերման այս մասին հայտարարեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» գիտաժողովի ժամանակ ունեցած բացման իր խոսքում:
«Իսկապես, գնահատում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաներ» գիտաժողովը: Ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք տոնում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Սա, իսկապես, ճիշտ ժամանակին է անցկացվել:
Գիտաժողովը մեր փոխշահավետ կապերը վերհանելու, ինչպես նաև՝ հետագայում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լավ հնարավորություն է: Հայ-հնդկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներին կապող մշակութային ժառանգությունը Հնդկաստանում մինչ օրս պաշտպանվում և պահպանվում է»,- ընդգծեց Վերման:
Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղարի՝ Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններն ընդլայնվել և խորացել են: Սակայն դիվանագետն անհրաժեշտ է համարում այդ հարաբերություններն առավել ընդլայնել.
«Վերջին մեկ տարում տեղի ունեցան փոխադարձ այցեր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սա, իսկապես, շատ մեծ թափ հաղորդեց մեր հարաբերությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ընդլայնվել է՝ ներառելով կրթության, տեխնոլոգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներ: Առաջ շարժվելով՝ մենք պետք է համատեղենք մեր գործը և ավելի խոշորացնենք գոյություն ունեցող համագործակցությունը՝ ներգրավվելով հատկապես բժշկագիտության ոլորտը:
Հայաստանի Բժշկական համալսարանում բոլոր տարիների ընթացքում 5 հազարից ավելի հնդիկներ են սովորել: Սակայն ես վստահ եմ՝ մենք շատ ավելի մեծ թվով ուսանողներ ուղարկելու հնարավորություն ունենք»,- եզրափակեց Վերման: