Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։
Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին, կարևորել ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:
Դեսպանը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին՝ ամրապնդելու ժողովրդավարական գործընթացները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։



