Հայ ռազմագերիները Ալիեւի զենքն ե՞ն՝ ռուսների...

Երեկ ու այսօր Ադրբեջանը դեմոնստրատիվ կերպով հերթական հակահայկական քարոզչությունն ու գործողություններն է կատարել։ Նախ, Իլհամ Ալիեւը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական թեմատիկային, իրեն հատուկ լպիրշ ոճով հայտարարելով, որ «չկա ոչ Լեռնային Ղարաբաղ, ոչ էլ Լեռնային Ղարաբաղյան հակամարտություն», որ ռուսների եւ ադրբեջանցիների մոտեցումները այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասով համընկնում են, որ հակամարտությունը լուծված է եւ հիմա հետհակամարտութենական իրավիճակ է, պետք է պատրաստվել խաղաղությանը, նաեւ, որ Սյունիքը «ադրբեջանական պատմական հողեր են» եւ այլն։

Այնուհետեւ արդեն հայտնի դարձավ, որ տասներեք հայ ռազմագերիների դատապարտել են վեց տարվա բանտարկության՝ հորինովի քրեական գործով։ Այսօր էլ մյուս խումբն է դատապարտվել վեց տարվա բանտարկության, էլի նույնական հորինովի քրեական գործով։ Այս ամենը Ալիեւը անում է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ֆոնին, ինչը չափազանց հետաքրքիր է։ Նախ, եթե անդրադառնանք նրա հայտարարությունների բովանդակությանը, ապա դրանք զուտ ներքին լսարանի համար նախատեսված էին, որը ուներ մի նպատակ՝ կերակրել ադրբեջանցիներին հաղթանակի բերկրանքի պտուղներով եւ երկարաձգել էյֆորիան, քանի դեռ հնարավոր է։ Իսկ գերիներին դատապարտելու մասով, կարելի է ասել, որ Բաքուն ինչ որ բանից դժգոհ է։

Գուցե Պուտինի հետ հանդիպումն իր ուզածի պես չի անցել, որ դեմարշ քայլեր է անում, եթե հաշվի առնենք, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցով հիմնականում աշխատում է Ռուսաստանը։ Ամեն դեպքում հասկանալի է, որ ամեն բան այնքան էլ Ադրբեջանի ուզածով չէ, եւ հիմա կարծես թե ժամանակը սկսում է աշխատել Բաքվի դեմ։