Կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում հաստատել է ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ու մերժման կարգը, հավելավճարի դիմաց սեղմ ժամկետներում դրանց ստացման պայմաններն ու սակագները, ինչպես նաև այդ գործընթացում մասնավոր գործընկերոջ ներգրավման ընթացակարգը։
Նոր կարգավորումների համաձայն՝ քաղաքացին անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու դիմումը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ նախքան գրասենյակ այցելելը։ Երևանում կենսաչափական տվյալները հանձնել և պատրաստի փաստաթղթերն ստանալ հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին. կիրակի օրերին մայրաքաղաքում պարտադիր կգործի մասնավոր գործընկերոջ առնվազն մեկ սպասարկման կենտրոն։
Անձնագրերի տրամադրման և մերժման գործընթացում ներգրավվել է մասնավոր օպերատոր։ Եթե դիմողը ցանկանում է հավելավճարի դիմաց փաստաթուղթն ստանալ սեղմ ժամկետում, ապա պետք է համապատասխան նշում կատարի միասնական էլեկտրոնային հարթակում։
Եթե նախնական առցանց հայտի ստուգման ընթացքում տվյալների անհամապատասխանություն հայտնաբերվի, և քաղաքացին ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, չնախաձեռնի դրանց շտկումը, հայտը կչեղարկվի, ինչի մասին դիմողը կտեղեկացվի էլեկտրոնային հարթակի միջոցով։ Այդ դեպքում վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման։ Մինչդեռ անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը մերժվելու դեպքում պետական տուրքը չի վերադարձվում։
Առցանց հայտի վերջնական հաստատումից հետո մասնավոր օպերատորն իրականացնում է քաղաքացու կենսաչափական տվյալների հավաքագրումը։ Հավելավճարի դիմաց կամ Կառավարության որոշմամբ սահմանված այլ դեպքերում Հայաստանում գտնվող անձի կենսաչափական տվյալները կարող են վերցվել նաև նրա բնակության (գտնվելու) վայրում։
Անձնագիրը կամ նույնականացման քարտը պատրաստ կլինի կենսաչափական տվյալները հանձնելուց հետո՝ 14-րդ աշխատանքային օրը, և կտրամադրվի մասնավոր գործընկերոջ այն սպասարկման կենտրոնում, որտեղ քաղաքացին հանձնել է տվյալները։ Եթե փաստաթղթի պատրաստ լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, քաղաքացին չներկայանա այն ստանալու, փաստաթուղթը կկորցնի վավերականությունը։
Փաստաթղթի վրա արտաքին վնասվածքների առկայության դեպքում մասնավոր գրասենյակի աշխատակիցը այն վերատպելու հայտ է ձևավորում։ Դրանից հետո քաղաքացին էլեկտրոնային փոստով կամ հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությամբ (SMS) ծանուցվում է փաստաթղթի պատրաստ լինելու մասին՝ հաջորդ աշխատանքային օրը, եթե դիմումը ներկայացվել է Երևանում, և երկրորդ աշխատանքային օրը, եթե դիմումը տրվել է մարզերում։
Օտարերկրյա պետությունում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու դեպքում քաղաքացին փաստաթղթի տրամադրման կամ մերժման մասին ծանուցվում է էլեկտրոնային փոստի կամ SMS-ի միջոցով՝ կենսաչափական տվյալները հանձնելուց հետո ոչ շուտ, քան 14-րդ, և ոչ ուշ, քան 45-րդ աշխատանքային օրը։
Կենսաչափական նոր համակարգը կգործարկվի նոյեմբերի 1-ից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այդ օրվանից անձնագրային բաժինները փակվում են, և փոխվում են փաստաթղթերի ստացման վայրերը. դրանք կտրամադրվեն մասնավոր ընկերության 14 մարզային և երևանյան երկու գրասենյակներում («Երևան Մոլ»-ում և «Մեգամոլ»-ում)։
Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը կկազմի 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։



