Հաստատվել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղվա...

Կառավարությունը հաստատել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25 տոկոսը: Ըստ 2017թ. տվյալների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80 տոկոս: Ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահացությունը հանրապետությունում կազմում է 18.6 տոկոս: Մահացության, հիվանդացության և հաշմանդամության բարձր մակարդակների համար պատասխանատու հիվանդությունների (սիրտ-անոթային հիվանդություններ, նորագոյացություններ, մահվան արտաքին պատճառներ, շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններ) զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի և վնասակար վարքագծային սովորությունների հետ:

Ծրագրով  սահմանված նպատակներին հասնելու ռազմավարական ուղղություններն են՝ առողջության ամրապնդմանը նպաստող և անառողջ սնուցման սահմանափակմանն ուղղված քաղաքականության մշակում և օրենսդրության կատարելագործում, ՈՎՀ-ով  առաջացման ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, երեխաների և դեռահասների առողջ ապրելակերպին ուղղված համալիր միջոցառումների իրականացում, առողջ ապրելակերպի զանգվածային տարածման ուղղված բարենպաստ պայմանների ստեղծում: Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող  անձանց թվաքանակի նվազեցում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազեցում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում: