Երեկվա հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում է, որ տներ են գրավելու՝ հնչեցնելով նաև իմ անունը, որ գալու են մեր տունը գրավեն: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
ԼՀ խմբակցության ղեկավարն ասաց, որ խայտառակ սպառնալիքներ են ստանում. «Ես այդ մասին հրապարակային ասել եմ, տեղեկացված են նաև իրավապահ մարմինները:
Երեկ ԶՈւ համազգեստով մարդիկ հայտարարում էին, որ գալու են մեր տունը գրավեն: Մենք հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին:
Այս պահին հրապարակային ուզում եմ ասել, որ երկրում տիրող այս անիշխանությանը, այս խայտառակությանը պետք է վերջ տրվի: Բնականաբար որևէ մեկին խորհուրդ չեմ տա գալ մեր տան վրա, քանի որ հաստատ սաղ-սալամաթ հետ չի գնա: Այս անիմաստ լարումը երեխաների, ընտանիքի անդամների համար լուրջ խնդիր է: Մարդիկ նայում են ու սարսափում»:
«Ես դեռևս 11-ին ոստիկանապետին ասել եմ, որ սպառանլիքներ ենք ստանում, ընդ որում զանգերի միջոցով, անձերն էլ հայտնի են»,-ասաց նա:



