Հարությունյանն ու ՄԹ դեսպանը քննարկում են ուն...

Հայաստանի Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ նոր փուլ է սկսվում։ 

 ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության այս փուլը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ 

Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության կառավարության շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու համագործակցության մակարդակի բարձրացումը։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին տարբեր ուղղություններով կընդլայնվեն ու կխորանան։

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցությանը։