Հարձակումը Հայաստանի վրա՝ հարձակում է Ռուսաստ...

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ նա մասնավորապես հայտարարեց․ 

«Ռազմական դրություն կարող է, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի՝ այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»։

Պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վարչապետի պաշտոնակատարին հարցրեց, արդյո՞ք ունի մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, ըստ օրենքի և ըստ տրամաբանության, այնուհետև ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորություններն ու տապալելով անվտանգային կոնցեպտը, որում մենք կանք։

Փաշինյանը հետաքրքրվեց, թե պատգամավորը նկատի ունի, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանի Դաշնությունը իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարի՞։ «Գիտեք․․․ այդպիսի բան ո՞նց է հնարավոր, ո՞նց կարող է։ Դա նշանակում է, որ որևէ կազմակերպություն կամ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, դա ո՞նց եք հնարավոր համարում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ հարձակումը Հայաստանի վրա՝ հարձակում է Ռուսաստանի Դաշնության վրա։