Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է. «Հովհաննավանքի, Ստեփան Ասատրյանի ու Հակաթոռի մասին. 2018-ի դեպքերից հետո Հովհաննավանք ծառայության է ուղարկվում մի երիտասարդ քահանա, ով ժամանակի ընթացքում արժանանում է երկրի բարձրագույն իշխանության տարօրինակ, գերսիրելի ուշադրության։
Իր հետ շփման մեջ են մտնում և երկրի ղեկավարն ու ընտանիքի անդամները, և այլ իշխանամետ մարդիկ։ Ավելին, իշխանությունը իր ներքին կոմունիկացիաներով խորհուրդ է տալիս գնալ և պսակադրություններ ու մկրտություններ անել հենց Հովհաննավանքում։
Երիտասարդը այդպես էլ չի հասկանում, ինչ պատճառով է իր վրա թափվում իշխանական մանանան և սկսում է հավատալ իր յուրահատկության և Աստծո ընտրյալ լինելու մեջ, ինչը ձեռնտու էր իր մասով որոշակի պլաններ գծած մարդկանց համար։
Հարց է առաջանում՝ ինչու Հովհաննավանք, այլ ոչ թե, օրինակ, Վարագավան, Լմբաթավանք կամ Կեչառիս։
Ինչու հենց Հովհաննավանքն է ընտրվում՝ մի տեղ, որը, ըստ գործողության մշակողի, պետք է դառնա Մայր Աթոռին հակառակվող Աթոռ կամ, ինչպես ընդունված է ասել՝ Հակաթոռ։
Օգնության գալիս է պատմությունը։ Ավանի կաթողիկոսություն կամ Հակաթոռ կաթողիկոսություն։
Գործել է 591–602 թվականներին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում՝ Երևանի այժմյան հյուսիսարևելյան մասում։
Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի։
Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի՝ կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզանդական մասի հակաթոռ կաթողիկոսը՝ 591 թվականին։
Դա ի՞նչ կապ ունի մեր պատմության հետ, կհարցնեք դուք։
Ասեմ։ Հակաթոռի առաջին ու վերջին կաթողիկոսի անունն էր՝ Հովհան։ ՀՈՎՀԱՆ։
Ահա և վերջ։
Հ.Գ. Եվ Հովհաննի և Հակաթոռի պատմությունը շատ կարճ տևեց։
602 թվականին Պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել Ավանի կաթողիկոսությունը։ Հովհան Բագարանցին գերի ընկավ և մի քանի տարի անց մահացավ։
Իսկ Ավանի կաթողիկոսությունը դարեր անց հիմնովին քանդվեց երկրաշարժի պատճառով և իր փլատակներով հանդերձ պահպանվեց մինչ մեր օրերը՝ որպես, երևի, պատմության դաս։
Հ.Հ.Գ. Օգտվել եմ բաց աղբյուրներից ու իմ վերլուծական կարողություններից»։



