Հարավային Կովկասի բանկին տրված՝ երբևէ ամենախո...

Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ Գլոբալ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ Գլոբալի կողմից Հարավային Կովկասի որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է: Այս ուղենշային ֆինանսավորումը շեշտում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը:

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ:

Ներգրավված միջոցների 20%-ը հատկացվելու է կանաչ նախագծերի ֆինանսավորմանը, որոնք նպատակ ունեն խթանելու շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կայունությունը: Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ-ներին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։ Եվրամիությունը (ԵՄ) սատարում է գործարքը` տրամադրելով դրամաշնորհային ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար մատչելի տոկոսադրույք սահմանել։

Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ համաձայն 2024թ. տարեվերջյան արդյունքների։

2009 թվականից Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1․4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ Բանկը միջազգային ֆինանսական կառույցների և սոցիալական ներդրողների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի նախագծեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: