Հարավային Կորեայի նախագահը Սեուլում հանդիպել...

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլում հանդիպել է Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ և քննարկել արհեստական ​​բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ հարավկորեական ընկերությունները կարող են հարմար գործընկերներ լինել արհեստական բանականության ոլորտում Ցուկերբերգի ընկերության մշակումների կիրառման համար, քանի որ երկիրը հայտնի է որպես կենցաղային էլեկտրոնիկայի, գաջեթների և ավտոմոբիլների արտադրող։

Յուն Սոկ Յոլը նաև նշել է, որ տեղական կորպորացիաներն առաջատար դիրք են զբաղեցնում հիշողության չիպերի արտադրության բնագավառում, որոնք անհրաժեշտ են արհեստական ​​բանականության համակարգերի համար։ Երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերելու հարավկորեական կազմակերպությունների հետ համագործակցության հաստատման գործում։