Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները Մինսկում կայացած գագաթնաժողովում արձանագրել են հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին, և դա դարձել է գագաթնաժողովի առանցքային արդյունքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները գնահատվում են դրական: Գագաթնաժողովի առանցքային արդյունքը դարձավ այն, որ անդամ պետությունների ղեկավարները հայտարարեցին հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին և վերահաստատեցին իրենց մտադրությունն անել անհրաժեշտ ամեն բան՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հավաքական ջանքերին աջակցելու համար: Ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր ՀԱՊԿ-ի գործունեության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ, որոնք նպատակամղված են դրա կատարելագործմանը», - նշել է նա։
Գլխավոր քարտուղարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից ընդունված Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի հռչակագրին։ Նրա խոսքով` դա նշանակալից փաստաթուղթ է, որը սահմանում է կազմակերպության նպատակներն առաջիկա ժամանակաշրջանի համար։
«Ընդունվել է փաստաթղթերի փաթեթ կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման համար, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվորեն համաձայնեցնել և իրականացնել անդամ պետությունների պաշտպանությանն ու նրանց անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները», - հավելել է Թասմաղամբետովը։
Նա ընդգծել է, որ հանդիպման մասնակիցները փոխըմբռնման են հասել նաև այլ կարևոր հարցերի շուրջ։ Բացի այդ, կողմերը որոշում են կայացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում հաստատել գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին։
ՀԱՊԿ գագաթնաժողովը կայացել է նոյեմբերի 23-ին Մինսկում: