
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը:
Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհում, փոփոխում կամ դադարեցնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Կարգավիճակ շնորհելու նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կստեղծվի յոթ անդամից բաղկացած հանձնաժողով։ նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մտավորականներ, մշակույթի գործիչներ և ոլորտի փորձագետներ։
Համապետական կարգավիճակ շնորհվում է համապետական և համազգային նշանակության` բացառիկ գործունեություն իրականացնող թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային գործող և նոր ստեղծվող մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպություններին: Համապետական կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության:
Տարածքային նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները:
Տեղային նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքային բնակչության մշակութային պահանջմունքները:
Կարգավիճակ ստանալու համար համապատասխան կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հայտ, որի ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են և ներկայացվում գրավոր տեղեկանքով։
Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև օգոստոսի 18-ը ներառյալ: