
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սահմանամերձ Վահան գյուղում նշվել է բնակավայրի հիմնադրման 100-ամյակը։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, տոնակատարությունը համախմբել ու հայրենի գյուղ է բերել իրենց ծննդավայրի սահմաններից դուրս ապրող վահանցիներին: Տոնական օրվա ոգևորությունը վահանցիների հետ կիսել է Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ:
«Վահան գյուղը հիմնադրվել է 1925 թվականին ու սկզբում կոչվել Ռուբենակերտ՝ ՀԽՍՀ այն ժամանակի կենտգործկոմի քարտուղար Ռուբեն Դաշտոյանի անունով։ 1940-ական թվականներից այն կրել է Օրձոնոկիձե, 1991 թվականից՝ Վահան անունը։ 100 տարի է, ինչ Վահանն ապրում է, արարում, մաքառում, շենանում ու զարգանում։ Վահանցիները, ապրելով պատերազմական ծանր ու դժվարին օրեր, սահմանապահ գյուղի կարգավիճակում ոչ մի ակնթարթ չեն մտածել ու չեն մտածում հայրենի եզերքը թողնելու, այլ վայրերում բնավորվելու մասին։ Նրանք ամուր են կառչած հայրենի հողին ու իրենց արմատներին»,-նշել է Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Միջոցառման մասնակիցներն այցելել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան և Պանթեոն, որտեղ ամփոփված են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված ազատամարտիկների աճյունները: Նրանք հերոսների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել, խնկարկել, աղոթքով հայոց աշխարհի համար խաղաղություն ու բարօրություն հայցել:
Օրհնության կարգ է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Հայրապետյանը։
Գյուղի պատմությունը, կենցաղն ու ավանդույթները, աշխատասեր վահանցիների ստեղծած բերք ու բարիքի համերն ու բույրերն են ներկայացվել ցուցադրական տաղավարներում: Իսկ հատուկ տոնական միջոցառումների համար կահավորված հրապարակում հնչել են շնորհավորանքներ, գնահատանքի խոսքեր, համերգային ծրագիրը բազմապատկել է տոնական տրամադրությունը:
2025 թվականի օգոստոսի դրությամբ Վահան գյուղն ունի 1200 բնակիչ։