
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում:
Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից ի վեր, անդրադարձել ճանապարհային քարտեզի առաջընթացին: Քննարկվել են նաև բիզնես ռեգիստրների փոխգործունակության ապահովման ուղղությամբ տեխնիկական աջակցության հնարավորություններն ու հետագա համագործակցության հիմնական ուղեգծերը։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունը և ընդգծել ծրագրի կարևորությունը Արդարադատության նախարարության թվայնացման, արդյունավետության բարձրացման և տվյալների փոխանակման համակարգերի զարգացման համատեքստում։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ՝ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։