«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է վայր դնել զենքը և Գազայի...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ավարտել է Գազայի հատվածում իշխանության ամբողջական փոխանցման բոլոր նախապատրաստությունները և պատրաստ է զինաթափում իրականացնել։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով շարժման քաղաքական ղեկավարության երկու պաշտոնյաների։

Լրատվամիջոցի տվյալներով՝ միակ խոչընդոտը բուն հատվածում նոր վարչակազմի բացակայությունն է (այն առայժմ գործում է Կահիրեից)։ Գազայի կառավարման համար մասնագետներից կազմված հանձնախումբը (տեխնոկրատների կոմիտեն) ձևավորվել է դեռևս հունվարի 14-ին, սակայն դրա անդամները մինչ օրս գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաքում։

Աղբյուրները շեշտել են, որ ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում տեղ զբաղեցնել նոր վարչակազմում, սակայն նպատակ ունի շարունակել Պաղեստինում իր քաղաքական գործունեությունը և շարունակել դիմակայություն ցուցաբերել Իսրայելի դեմ։ Դա կտևի մինչև անկախ պետության հիմնադրումը։ Իշխանության փոխանցման սպասումով պայմանավորված՝ շարժման ներսում ներկայումս դադարեցված են բոլոր նոր նշանակումներն ու պաշտոնական առաջխաղացումները։

Ինչ վերաբերում է զինաթափմանը, ապա ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել հանձնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին պատկանող հազարավոր միավոր հրաձգային զենքերը։ Այդուհանդերձ, պաշտոնատար անձինք որևէ հստակ պատասխան չեն տվել շարժման ռազմական թևի զինաթափման վերաբերյալ։

Մարտի վերջին Reuters գործակալությունը հայտնել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ՀԱՄԱՍ-ին է ներկայացրել տարածաշրջանի զինաթափման ութամսյա ծրագիրը, որը նախատեսում է նաև ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացումը։