Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել ե...

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ․

«Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»։բանտ

2018 թվականի նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը միաձայն ընդունել էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: