Համամիտ եմ ԵՄ անդամակցության գործընթաց մեկնար...

Համամիտ եմ ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու վերաբերյալ նախագծի բուն էության հետ, անհրաժեշտություն է գործընթաց մեկնարկելը, բայց թե ինչ հիմնավորումներով են համեմել մեր գործընկերները այդ նախագիծը, դրանք անիրատեսական են, ստեղծում են կեղծ ակնկալիքներ մեր հասարակության մոտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:

«Ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության շեշտադրումները այսօր կրկին նպաստեցին նրան, որպեսզի հասարակությունում ձևավորվեն այն կեղծ պատկերացումները, թե սա անվտանգային նախաձեռնություն է, կփոխի ՀՀ անվտանգային ճարտարապետությունը»,- ասաց պատգամավորը:

 Դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին՝ ներկայացրեց իր դիտարկումները, թե ինչին համաձայն չէ. «Ցավով պետք է նշեմ, որ հիմնավորումների մեջ ես տեսնում եմ, որ դուք նույնպես, ինչպես նախկինում  մեր ընդդիմությունը, «Իրական Հայաստանի» կոնցեպտից շեղվում եք: Մենք շարունակում ենք տարածաշրջանային գործունեությունը, շարունակում ենք կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Կարգավորում ենք մեր հարաբերությունները և նոր օրակարգ ենք ստեղծում Ընդլայնված հարևանության հետ, ինչպես հայ-ռուսական հարաբերությունները»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք:

 Նրա խոսքով՝ այս նախագիծը մեզ որևէ տեղ չի տանում կամ որևէ մեկից չի պոկում:

 ՔՊ պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին:

«Սա բալանսավորման և բալանսավորված քաղաքականության օրինակ է, սա ոչ մեկի դեմ չէ, ԵՄ-ն իր բովանդակությամբ խաղաղության և տարածաշրջայնացման մասին է»,- ասաց Ղազարյանը: