Համացանցի լուսանկարներով ապօրինի որսի դեպք է...

Ապրիլի 4-ին ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր էին նախապատրաստվել սոցիալական ցանցում մի օգտատիրոջ հրապարակած լուսանկարների վերաբերյալ։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեռ 2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի այդ, 2014 թ․ այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երևում, որը նույնպես որսատեսակ չէ և նրա որսի համար թույլտվություն սահմանված չէ: Նույն օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա էին նաև ճքճքան մրտիմի, սպանված աղվեսների, գայլերի, ձկնատեսակների լուսանկարներ:

Երեկ պարզվել է, որ օգտատերը Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Խ․-ն է, ով  ոստիկանական բաժնում տվել է համապատասխան բացատրություն, որ հանգուցյալ պապին պատկանող մեկփողանի որսորդական հրացանով կատարել է որս։

Հրացանը փաթեթավորվել և կնիքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: