Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու և խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Մեքսիկայի Սենատի անդամներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի անդամներին 2023 թվականի փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը նախաձեռնելու և ընդունելու համար: Նրա խոսքով Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց հետագա կանխարգելման համար:
Խորհրդարանի փոխնախագահը հավելել է, որ գնահատելի է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը: Նա հույս է հայտնել, որ Մեքսիկան ավելի հասցեական գնահատականի կարժանացնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին, նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի ելույթը: ԱԺ փոխնախագահի խոսքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար կարևոր է խնդրին միջազգային հանրության շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները:



