Հադրութից տեղահանված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ իրենց բնակարանային խնդրի լուծման հարցով:
Հադրութցիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 45 օր առաջ հղել էին նամակ, թե ղեկավարությունն ինչ է մտածում Արցախից տեղահանված բնակչության համար, որոնք գտնվում են Հայաստանում: «Մինչև հիմա պատասխան չունենք: Մեր հավաքի նպատակը պարզելն է, թե ինչու պատասխան չեն տալիս և ինչ ծրագրեր, նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»,-ասաց նա:
Տեղահանված հադրութցիներն ավելի վաղ հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Արցախի պետնախարարի, տարածքային կառավարման նախարարների հետ: «Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք են բերվել, բայց առայժմ դեռ հստակ բան չկա»,- ասաց քաղաքացին ու հավելեց՝ շուտով ձմեռ է մոտենում, բնակարանային հարցի լուծման տեղաշարժ իրենք չեն տեսնում:
Նրա խոսքով՝ վերջին երկու մասում սոցվճարներ էլ չեն ստացել:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Արցախի հյուրատներում, հյուրանոցներում մեծ թվով մարդկանց են բնակեցրել, օրական յուրաքանչյուրին տրամադրվում է 4000-6000 դրամ: «Այսինքն՝ յուրաքանչյուր շնչին ամիսը 150 հազար դրամ գումար են տրամադրում: Այստեղ իմ ընտանիքում 8 հոգի են, 130 հազար դրամ տան վարձ ենք տալիս: Եթե այնտեղ կարողանում են մեկ մարդուն տրամադրել, ապա ի՞նչն է խանգարում, որ դա մեզ այստեղ չեն տրամադրում»,- ասաց նա:



