
Իշխանությունները պատրաստվում են անել ամեն ինչ, որպեսզի Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվի ևս երկու ամսով։ Այս մասին այսօր հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Իշխանությունները հաճախ հայտարարում են, թե որևէ մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանի կամ մեր շարժման նկատմամբ։ Եթե դա այդպես է, ապա ինչու են ամեն կերպ ձգտում երկարաձգել նրա կալանքը։ Ինչու են նրան ձերբակալել։ Այս քայլերը ցույց են տալիս, որ իրականում լուրջ մտահոգություն ունեն», – ասել է Կարապետյանը։
Վերջինս նաև հավելել է, որ այս քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ «բերդերում այլևս տեղ չի մնա»։ Նրա խոսքով՝ ի պատասխան Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հնարավոր որոշման՝ նախատեսվում է կազմակերպել զանգվածային հանրահավաք և քայլերթ։
«Լինելու է մեծ հանրահավաք և մեծ քայլերթ, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելաոճով իրենց չեն կարողանա ամեն անգամ ինչ–որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի։ Ալիքը չի հանգում, ալիքն ավելանում է, անարդարության զգացողությունն ավելանում է։ Գյուղերում մարդիկ են ուղարկում, որ մարդկանց ցուցում տան՝ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։», – նշել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ից հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Դատարանի բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ի աջակցություն հայտնի գործարարի։