Հայաստանի ագրոպարենային ոլորտը 2026-27 թվականներին կառավարությունը կսուբսիդավորի` տրամադրելով անտոկոս վարկեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` այս սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ կիրականացվեն և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն էլ ավելի կավելանան։
Նա տեղեկացրեց, որ վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափը կկազմի 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։
Վարկը կտրամադրվի տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, սակայն սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։
Այս ծրագրի իրականացման համար 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ:



